Մաքսային Միությանը Հայաստանի միանալու դեմ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնած «Անկախության համազգային երթի» մասնակիցներն այժմ Բաղրամյան պողոտայի վրա են։ Որքան ավելի շատ են նրանք մոտենում Բաղրամյան 26-ին, այնքան ավելի կոպիտ են դառնում ոստիկանների գործողությունները։ Ոստիկանները պատ են կազմել պողոտայով մեկ, որպեսզի ակտիվիստները փողոց դուրս չգան։ Ակտիվիստները մեքենաների վարորդներին հորդորում են փոխել երթուղին կամ կանգնեցնել մեքենաները եւ միանալ իրենց, ոմանք ենթարկվում են հորդորին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ չի բացառվում այս անգամ էլ բողոքի նախորդ ակցիայի կարգազանցները բերման ենթարկվեն, հատկապես եթե նրանք օրենքը խախտեն նախագահի նստավայրի մոտը։

«Հաշվի առնելով օրվա նշանակությունը՝ ոստիկանությունը հանդուրժողական է։ Ամեն ինչ անումենք, որ բախում չլինի, բայց նրանք չեն պահպանում կանոնները, եւ ամեն ինչ անում են, որ փակեն ճանապարհը։ Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ համապատասխան գործողություններ ձեռնարկենք»,- ասել է նա։