Վրաստանի նախագահի թեկնածուներից առայժմ միայն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն է այցելել Ջավախք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ջավախք» շարժման աառաջնորդ, հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով Վրաստանի նախագահի առաջիկա ընտրություններին:
« Ջավախքի գյուղերից մեկը կատարած այցի ընթացքում Դավիթ Բաքրաձեն անդրադարձել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք խնդիրների, բայց նա մոռացել է, որ ընդհանրապես այդ իրավունքների խախտում են հենց իրենք», - զայրացած նշել է Չախալյան: Նրա խոսքով, հայերը Ջավախքում հույսեր չեն կապում Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլու թիմի հետ, քանի որ տեսել են իրենց նկատմամբ վերաբերմունքը եւ ականատես են եղել անազնիվ քաղաքականության միայն այն պատճառով, որ իրենք հայ էին: Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի մյուս թեկնածուներին, նա նշել է, որ հայերը սպասում են նրանց այցելություններին: Չախալյանը նաեւ նշել է, որ «Միասնական ազգային շարժում», «Վրացական երազանք» եւ «Ժողովրդավարական շարժում - Միասնական Վրաստան» կուսակցությունները Ախալքալաքում բացել են իրենց նախընտրական շտաբերը:
Ընտրողների նկատմամբ ճնշման վերաբերյալ հարցին «Ջավախք» շարժման առաջնորդը պատասխանել է, որ մինչ այս նման դեպքեր չեն գրանցվել: «Ճնշումը սպասելի է ոչ թե նոր իշխանությունների, այսինքն «Վրացական երազանք» կոալիցիայի, այլ Սահակաշվիշու կողմնակիցներից, ովքեր բավական հանդուգն պահվածք ունեն»,- ընդգծել է Վահագն Չախալյանը:
Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են ընթացող տարվա հոկտեմբերի 27-ին:





























