Նորվեգիայի Կրագերո քաղաքում, սեպտեմբերի 21-ին, անցկացվել է միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության եւ Կրագերոյի քաղաքապետարանի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումը սկսվել է Կրագերոյի եկեղեցում, ուր տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ` հանրահայտ երաժիշտներ Կոպենհագենի Ռադիոյի եւ հեռուստատեսության P2 երաժշտական մրցանակի մրցանակակիր, հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի եւ «Ստատ Օյլ» մրցանակի մրցանակակիր, Ստավանգերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, նորվեգացի դաշնակահար Քրիստիան Իհլե Հադլանդի մասնակցությամբ: Նրանք կատարել են Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Ֆրեդերիկ Շոպենի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը եւ ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Կրագերոն հատուկ մի վայր է, որը խորհրդանշում է հայ-նորվեգական հարաբերությունները եւ նոր հնարավորություններ է խոստանում ապագայի համար: Մենք այստեղ ենք նաեւ մեր երախտիքի խոսքը հղելու Կրագերոյի ձեր հայրենակից եւ հայազգի նվիրյալ Բյոդիլ Բյորնին: Կարծում եմ, որ նրա երազանքը կլիներ տեսնել այս ուրախությունը: Նա փառաբանված է երկնքում` տեսնելով, որ իր սիրած երկու ժողովուրդները` նորվեգացիներն ու հայերը, միասին նշում են Հայաստանի անկախության տոնը»:
Համերգից հետո միջոցառումը շարունակվել է Կրագերոյի Գեղարվեստի դպրոցում, որտեղ ցուցադրվեց դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Հայկական եկեղեցին Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում» խորագրով լուսանկարների հարուստ հավաքածուն` ներկայացնելով հայկական եկեղեցիների ճարտարապետությունը:
Ցուցադրությունից հետո տեղի է ունեցել տոնական ընդունելություն բազմաթիվ նորվեգացի եւ հայ հրավիրյալների մասնակցությամբ:
Հարկ է նշել, որ այս տարի մեր երկրի անկախության տարեդարձը Կրագերոյում տոնելը պատահականորեն չէր ընտրված. այստեղ է ծնվել նորվեգացի մեծ մարդասեր եւ միսիոներուհի Բոդիլ Բյորնը, ով Հայոց ցեղասպանությունից հետո փրկել ու խնամել է հայրուրավոր անօթեւան մնացած երեխաների ու կանանց եւ արժեքավոր վկայություններ թողել այդ մասին: 2006թ. Կրագերոյի քաղաքային խորհուրդն առաջինն է Նորվեգիայում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Նախքան միջոցառումը սկսելը, ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը ծաղկեպսակ էդրել Բոդիլ Բյորնի հուշաքարին, որին ներկա էին Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը, Վերգոշայի քաղաքապետ Շեթիլ Տյորփը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մաադս Հենրիկ Լանգաարդ Լյունդը, Բոդիլ Բյորնի թոռը` Յուսի Բյորնը, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ նորվեգացիներ:





























