Մոսկվայում քրեական գործ է հարուցվել` ճանապարհային կռվի ժամանակ մահակներով ծեծի արդյունքում Մերձմոսկվայի 32-ամյա բնակիչ Եվգենի Կորնյուխինի մահվան եւ նրա 33-ամյա ընկեր Ռոման Նիկիտինի ծանր մարմնական վնասվածքներ ստանալու փաստով:
Հանցանքի մեջ կասկածվում են 1986թ. եւ 1989թ. ծնված մոլդովացիներ Սերգեյ եւ Իլյա Չերնեւները, նրանց ոստիկանները կալանավորել էին սեպտեմբերի 22-ի ցերեկը: Չերնեւներին արդեն ներկայացվել է մեղադրանք: Նրանց երկուսին էլ սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Ներկայումս հետախուզման մեջ է միջադեպի երրորդ մասնակիցը, հայտնում է NEWSru.com-ը:
Մահացու ելքով ճանապարհային կռիվը տեղի է ունեցել Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում` սեպտեմբերի 22-ի առավոտյան ժ. 5-ին: BMW եւ Mitsubishi մեքենաները չեն կարողացել կիսել մայրուղին: Հարցաքննության ժամանակ կալանավորվածները հայտնել են, որ մեղավոր էին Mitsubishi-ի վարորդը եւ ուղեւորը: Ըստ նրանց` մեքենան կտրել է իրենց ճանապարհը, իրենք ազդանշանել են վարորդին, սակայն վերջինս զայրացել է, սկսել հետապնդել իրենց, սեղմել մայթեզրին եւ ընկերոջ հետ հարձակվել իրենց վրա:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» տվյալով՝ մոլդովացիներին զայրացրել է, որ իրենց հասցեին վատ խոսքեր են ասվել: Ըստ քննության` BMW-ից դուրս են եկել երեք մարդ եւ մահակներով ծեծել մյուս մեքենայի վարորդին եւ ուղեւորին: Ըստ Մոլդովայի քաղաքացիների վարկածի` Մերձմոսկվայի բնակիչներն են մահակներով հարձակվել իրենց վրա, իսկ իրենք վերցրել են այդ մահակները եւ հակահարված տվել:
Ժամանած շտապօգնությունը տուժածներին տեղափոխել է Բոտկինի հիվանդանոց: Եվգենի Կորնյոխինին բժիշկները չեն կարողացել փրկել, նա վախճանվել է բազմաթիվ կոտրվածքներից: Ռոման Նիկիտինը վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:





























