Սեպտեմբերի 23-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի մի խումբ ներկայացուցիչների եւ նվիրատուների հետ, ովքեր ժամանել են Արցախ` հիմնադրամի գործունեությանը ծանոթանալու նպատակով:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ողջունելով հյուրերին, կառավարության ղեկավարը կարեւորել է ԼՂՀ իշխանությունների եւ հիմնադրամի սերտ համագործակցությունը, գոհունակությամբ փաստելով, որ հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինն Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերում մշտական ակտիվ մասնակցություն է ունենում:
ԼՂՀ վարչապետն անդրադարձել է ընթացիկ եւ նախատեսվող մի շարք ծրագրերի, մասնավորապես` առաջիկա հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվող միջոցներով կառուցվելիք` ռազմավարական կարեւորագույն նշանակության Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը:
Իրենց հերթին հյուրերը վարչապետին շնորհակալություն են հայտնել ընդունելության եւ հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին հանգամանալի տեղեկություններ հաղորդելու համար` նշելով, որ յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ Արցախում ականատես են լինում նորանոր ձեռքբերումների:
Հանդիպմանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԼՂՀ գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանը:





























