Ուկրաինան ըմբռնումով է մոտենում եվրաինտեգրման հնարավոր հետեւանքներին եւ Ռուսաստանին կոչ է անում բանակցությունների սեղանի շուրջ քննարկել դրանք, սեպտեմբերի 23-ին «Ռոսիա 24» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Ազարովը համոզված է եվրոպական շուկայում ուկրաինական ապրանքների մրցունակության հարցում եւ անտեղի է համարում ռուսաստանցի որոշ փորձագետների կարծիքը Ուկրաինային սպասվող դեֆոլտի մասին:

«Մենք ըմբռնումով ենք մոտենում հնարավոր ինչ-ինչ հետեւանքներին, ես դրանք անվանում եմ հիպոթետիկ հետեւանքներ: Բայց այդ դեպքում եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, բարձրաձայնենք մեր դիրքորոշումները եւ ամեն մի դիրքորոշում քննելով բացահայտենք ճշմարտությունը», - առաջարկել է նա:

«Ես կարող եմ մի փոքր տխրեցնել ռուսաստանցի  փորձագետներին. ոչինչ չի քանդվի, չի փլուզվի: Ուկրաինան կվարի հավասարակշռված գումարաֆինանսային քաղաքականություն, ազգային տարադրամի կայունությունն ապահովված է», - ասել է նա:

«Ինչ վերաբերում է Եվրոպայի շուկա դուրս գալուն, կասեմ, որ ես այդ առումով բավական լավատես եմ», - հայտնել է Ազարովը, նշելով, որ երկրում  IT- տեխնոլոգիաների աճի տեմպերը տարեկան կազմում են 50-60%, եվրոպական շուկա մատակարարվում է տարեկան մի քանի միլիոն տոննա հացահատիկ,  իսկ մետաղագործության ոլորտն այնքան արդիականացված է, որ հանգիստ իր տեղը կգրավի ԵՄ-ում:

Միաժամանակ Ուկրաինայի վարչապետը սխալ է համարում երկրին միայն մեկ ինտեգրացիոն վեկտոր պարտադրելը` կամ Մաքսային միություն, կամ ԵՄ: Նա նշել է, որ այսօր երկրները պետք է համագործակցեն շատ գործընկերների հետ: «Մենք ցանկանում ենք լինել ձեզ հետ, բայց ցանկանում ենք լինել նաեւ ուրիշների հետ», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2013թ. նոյեմբերին Ուկրաինան Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում նախատեսում է  ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրել: Համաձայնագիրն արդեն հավանություն է ստացել երկրի կառավարության կողմից:  Կիեւը հայտնում է, որ պատրաստ է միանալ Մաքսային միության մի շարք դրույթներին:

Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինան չի կարող համատեղել ԵՄ-ի հետ ասոցացված անդամակցությունը Մաքսային միության հետ: Ավելի վաղ ռուս տնտեսագետ, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազիեւը կես տարվա ընթացքում կանխատեսել էր Ուկրաինայի դեֆոլտը` դա մեկնաբանելով Ուկրաինայի եւ ԵՄ-ի երկրների միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելուց հետո առեւտրային դեֆիցիտի աճով: