Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները աջակցություն են խնդրել գյուղխնախարարությունից իրենց դեմ «անօրինական» դատական գործընթացում։
Գյուղացիները հանդիպել են նախարար Սերգո Կարապետյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Գեղարքունիքի մարզպետը վարչապետի հետ խորհրդակցությունից հետո գյուղացիներին տեղեկացրել է, որ նրանց հարցով դիմել են վարչապետին և սպասում են պատասխանի մի քանի օրվա ընթացքում։
2011թ. հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքը ստացել է աշնանացան ցորենի սերմնացու: Աշնանացանը փաստաթղթերով տվել են 7 շահառուի, սակայն փաստացի այն օգտագործել է 70 գյուղացի։ Ընդհանուր գումարը՝ 12 միլիոն դրամ, գյուղացիները, ըստ պայմանագրի, պետք է վերադարձնեին բերքահավաքից հետո։
Ռուսաստանից ներմուծված «Կրասնոդար» տեսակի սերմը ցածր ծլունակություն է ունեցել՝ 25-30 տոկոս։ Մասնագետների կարծիքով՝ պատճառները տարբեր են. հնարավոր է՝ սերմը հին է եղել, չորացած ու ներկած, բացի դրանից, այդ տարի ձմռանը ձյան շերտը բարակ է եղել եւ ծիլը գուցե ցրտահարվել է։ Գյուղացիները պնդում են, որ իրենք իրենց գործը լիարժեք են արել, ժամանակին ջրել են, պարարտանյութ տվել։ Ցորենի բերք, որպես այդպիսին, նորակերտցիները չեն ունեցել։ Կոմբայնը միայն մեկ դաշտ է մտել և մեկ հեկտարից 50-70 կգ բերք ստացել, մինչդեռ նորմալ բերքատվության դեպքում մեկ հեկտարից մինչեւ հինգ տոննա բերք են հավաքում։ 2012թ. մայիսի 24-ին սերմ մատակարարող կազմակերպության՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը եւ փոխտնօրենը մասնակցել են աշնանացանի ծլունակության տոկոսի հաշվարկմանը, կազմել են ակտ այն մասին, որ ծլունակ է դաշտի միայն 25-30%-ը: Գյուղնախարարը նույնպես մարզպետի հետ եկել և տեղում ծանոթացել է իրավիճակին: Սերգո Կարապետյանը խոստացել է օգնել նորակերտցիներին։ Գյուղնախարարությունից գրություն է եկել, որ իրենց համար սերնացուի զեղչ են արել, եւ մեկ կիլոգրամի համար գյուղացիներից գանձելու են 420 դրամ՝ 700-ի փոխարեն։
Նորակերտի բնակիչ Նորիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ 700 դրամը չափազանց բարձր գին է ցորենի սերմնացուի համար. «Սա ինչ որակի շոկոլադ էր, որ կիլոն 700 դրամ հաշվարկել են գյուղացու վրա»,- NEWS.am- ի թղթակցին ասաց նա՝ նշելով, որ սերմը բաժանելիս իրենց ասել են՝ էլիտար տեսակի սերմնացու է։
Բերք չհավաքելու պատճառով գյուղացիները չեն կարողացել վերադարձնել սերմնացուի պարտքը։ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան, դատարանը կալանք է իջեցրել յոթ շահառուների դրամական միջոցների, շարժական և անշարժ գույքի, բանկային հաշիվների վրա: Բացի սերմնացուի փողից գյուղացիների ուսերին է ծանրացել անծլունակ սերմի մշակման աշխատանքների համար բանկերից վերցրած վարկերը։
Գյուղացիները սպասում են կառավարության պատասխանին՝ իրենց հետագա գործողությունները որոշելու համար։
«Եկել ենք դիմելու, նույն իրենց պրինցիպն են առաջ տանում. տվել ենք պիտի վերցնենք, ուժեղ ենք. պիտի հաղթենք: Գյուղացի ես, հարիֆ ես, գնա քո հարիֆ տեղով վճարի», - NEWS.am-ին ասաց Նորիկ Հովհաննիսյանը:




























