Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ վրացական կառավարության անունից դժգոհություն է արտահայտել՝  կապված  Հարավային Օսեթիայի հետ սահմանին արգելապատնեշներ տեղադրելու հետ:

Նա նաեւ հաղորդել է, որ Վրաստանը թույլ չի տա, որ Աբխազիան ու Հարավային Օսեթիան մասնակցեն 2014թ Սոչիի Օլիմպիական խաղերին: Նա նշել է, որ իրենք վստահ երաշխիքներ ունեն, որ Աբխազիան ու Հարավային Օսեթիան չեն մասնակցի 2014թ Սոչիի Օլիմպիական խաղերին:

Ինչ վերաբերում է այլ հարցերի, Աբաշիձեն ու Կարասինը քննարկել են Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի պարզեցումը եւ տրանսպորտային հաղորդակցման հարցը, հաղոդում է «Նովոստի-Գրուզիան»:

Մինչ այդ, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը ընդգծում է, որ Վրաստանը նոր քայլեր է ձեռնարկում սահմանը վերասարքավերլու գործընթացը տապալելու համար:

Հիշեցնենք, որ սահմանին իրավիճակը լարվել է այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 17-ին Դիցի գյուղի մի խումբ բնակիչներ փորձել են թույլ չտալ շարունակել սահմանը վերասարքավերլու աշխատանքները: Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքը կոպտորեն խախտելու մեջ, ընդգծելով, որ ստեղծվող արգելքները խանգարում են ժողովուրդների հարաբերություններին: