Սոչիում սկսվել է ՀԱՊԿ գագաթաժողովը: Սպասվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր` ներառյալ Սիրիայի հարցը, ինչպես նաեւ 2014թ. Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերը դուրս բերելուց հետո համատեղ գործողությունները: Այս մասին ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Ըստ Ուշակովի` գլխավոր հարցերից է Տաջիկստանին հավաքական օգնություն ցուցաբերելը տաջիկա-աֆղանական սահմանն ամրացնելու հարցում: Օգնականը նշել է, որ կարծիքներով կփոխանակվեն Սիրիայի եւ դրա շուրջ տիրող իրավիճակի մասին, ընդ որում՝ հաստատվելու է ՀԱՊԿ երկրների դիրքորոշումը` միայն քաղաքական-դիվանագիտական ուղով ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ: Առաջնորդները կարող են համապատասխան հայտարարություններ անել: Ուշակովը հայտնել է, որ պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցության հացեր` կազմակերպության շրջանակում: Սպասվում է, որ որոշումներ կընդունվեն ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման, հավաքական ուժերի կառավարումը կատարելագործելու եւ 2014թ. ՀԱՊԿ բյուջեն հաստատելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ գագաթաժողովի արդյունքների` նախատեսվում է կոմյունիկե ընդունել, որտեղ գնահատական կտրվի ՀԱՊԿ գործունեությանը` արտաքին քաղաքականության, ռազմական համագործակցության, ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին  դիմակայելու բնագավառում: Գագաթաժողովից հետո ՀԱՊԿ նախագահությունը Ղրղըզստանից կանցնի Ռուսաստանին: