Պակիստանի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները փողոց են դուրս եկել` ի նշան Փեշավարում ահաբեկչության դեմ բողոքի, որի զոհերի թիվը, ըստ Associated Press-ի, գերազանցել է 80 մարդը:
Զայրացած քրիստոնյաները փակել են ճանապարհներն ամբողջ երկրում, իսկ Իսլամաբադ տանող գլխավոր մայրուղում ցուցարարները մեքենայի անվադողեր են այրել եւ կարգախոսներ վանկարկել՝ կառավարությանը կոչ անելով պաշտպանել քրիստոնեական փոքրամասնության ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին երկու մահապարտ-ահաբեկիչ պայթեցրել էին իրենց Փեշավարի եկեղեցու մոտ այն պահին, երբ քաղաքի քրիստոնեական համայնքի անդամները դուրս էին գալիս կիրակնօրյա պատարագից: Ահաբեկչության պահին շենքում 300-350 մարդ է եղել, հաղորդում է NEWSru.co.il-ը:
Ըստ վերջին տվյալների` ահաբեկչության ժամանակ զոհվել է 81 եւ վիրավորվել 140-ից ավելի մարդ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի «Թալիբանի» ճյուղը: Ահաբեկիչները հայտնել էին, որ կշարունակեն ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել Պակիստանի հյուսիս-արեւմտյան տարածքներում հարձակումները:
Պակիստանի բնակչությունը կազմում է 180 միլիոն մարդ, որոնցից 96%-ը մահմեդական է: Մյուս 4 տոկոսը այլ կրոնների ներկայացուցիչներ են, այդ թվում նաեւ քրիստոնյաներ: Քրիստոնյաները հաճախ են հարձակումների ենթարկվում գրոհայինների կողմից, որոնք նրանց համարում են իսլամի թշնամիներ:





























