ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անտարբեր է իրեն մահափորձի ենթարկելու գործով դատավճռի նկատմամբ, քանի որ դատարանը հետեւողական չի եղել՝ մահափորձի հիմնական պատվիրատուին բացահայտելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ երբ դատարանը մերժեց գործի կծիկը բացել, այդ ժամանակ ամբողջ դատարանի գործունեությունը իր համար դարձավ այնպիսի մի բան, որին հատուկ ուշադրություն դարձնել պետք չէ: Ինչ վերաբերում է գործով 12-14 տարով ազատազրկման դատապարտվածներին, ապա Հայրիկյանը չի պատրաստվում բողոքարկել եւ խստացնել նրանց պատիժը, քանի որ «Հայաստանում պակաս չէ այն մարդկանց թիվը, որ պատրաստ է փողով այդպիսի նողկալի արարք թույլ տալ որեւէ մեկի նկատմամբ, նրանց մեջ երեքը ավել կլինեն, երեք պակաս կլինեն, դա իրեն չի հուզում»:

«Վարդան Սեդրակյանը միջնորդ պատվիրատու է, մարդը բազմիցս հայտարարեց, որ ես շարժառիթ չունի Հայրիկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու, նշանակում է՝ ինքը սրտանց չունի, եթե ունենար, Թեհլերյանի նման կասեր չէ մի բան:  Փող է ստացել եւ այդ փողի համար արել է՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչ է անում: Չնայած գաղափարական բաներ կան, գործի մեջ նյութեր կան, որտեղ ինքը ասում է, որ սա գաղափարական հարց է, պետք է շտապել, Հայրիկյանի վարկանիշը բարձրանում է, պետք է կանխել դա եւ այլն: Դատարանը հետեւողական չեղավ, դրա համար դատարանի վճռի  նկատմամբ անտարբեր եմ, բայց որ մեղմ պատիժ են տվել, ոչինչ, վատ չի, այսինքն՝ շատ ավելի պակաս, քան ես ստացել եմ իմ ազգային, ազատագրական գործունեության համար: Այստեղ օրենքը նախատեսում է 12-20 տարի եւ ցմահ, եւ իրենց փաստորեն տվել են նվազագույնը: Ես կուզեի, որ իրենց ազատ արձակեին, գտնեին գլխավոր մեղավորին»,- նշեց նա:

ԱԻՄ առաջնորդը դժգոհ է դատարանից, բայց դժգոհ չէ նախաքննական մարմնից՝ ասելով, թե նա գոնե բացահայտեց հարցի դրամական կողմը, փոխարենը հիասթափվեց, երբ իր պահանջը՝ դատարանում որպես վկա կանչել եւ հարցաքննել մարդկանց, մերժվեց:

Մահափորձի ենթարկված նախագահի թեկնածուն չբացառեց, որ այս դեպքի հետ կապված դիմի իրավապահներին, մասնավորապես՝ խոսքը գործը մինչեւ վերջ չտանելու մասին է: «Չեմ բացառում, որ դիմեմ ռուսական իրավապահներին, որ Ռուսաստանում քննեն փող ուղարկողի ով լինելը: Երբ մեծ գնում ես անում,քեզ միշտ հարցնում են՝ գումարը որտեղից է, պետք է ինչ-որ մարդիկ դրանով զբաղվեն, բացառված չէ, որ այդ հետքերով գնամ: Եթե մենք կարողանանք հետքերվ հասնել մինչեւ այնտեղ, որ բացահայտվի հիմնական պատվիրատուն,  ոչ թե պատժվի, այդ դեպքում գոհ կարող եմ լինել, որ հանրությունը ոչ թե զբաղվի չեկիստներին  ընդառաջ գնալով, ընդհուպ մինչեւ հայտարարություն անի, որ Հայրիկյանի վրա չեն էլ կրակել, բայց հստակ ասի, որ սա գալիս է որպես նախաքայլ Մաքսային միություն միանալու մեր նկատմամբ ճնշումներին, գործողությունների առաջին քայլն էր: Այն, որ Հայրիկյանը մի անգամ կազմակերպել է հայ ժողովրդի ազատագրական պայքարը, մի անգամ իրեն դա հաջողվել է, սկսենք նրանից, Հայրիկյանին վերացնենք մի հատ, որ իր մահով վախ տարածվի, ինչը տեղի ունեցավ Հայաստանում, մահափորձի օրերին ես ունեի 10-11 տոկոս, դա աճում էր անշեղորեն, շատ ակնհայտ էր, հետո միանգամից իջավ 3-4 տոկոսի, չհաշված նաեւ գողացված ձայները: Պուտինը հայտարարել էր, որ պետք է փափուկ ուժ կիրառել այն պետություններում, որոնք պետք է մաքսային միությանը միանան այդ միանալուն դեմ գործող ուժերի, անհատների նկատմաբ, ռուսական մամուլը հեղեղված էր, ոչ մի պետությունում ընտրություններից առաջ այդքան հակաքարոզչություն չի տարվում: Ռուս գրագետ մարդիկ ասում էին՝ որեւէ ազգ եթե Հայրիկյան ունի, պարզ է, որ Հայրիկյանին պետք է ընտրի նախագահ, ուրիշ չի կարող ընտրվել՝ հաշվի առնելով ամբողջ անցած ճանապարհը, իրենք չգիտեին, թե հայերը ինչպես կարող են ծախվել, ապուշանալ, դրա համար իրենք կարծում էին՝ մի քիչ էլ, մի քիչ էլ ու ես դառնալու եմ նախագահ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 23-ին 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին: Դատարանի վճռով Սամվել Հարությունյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, իսկ Խաչատուր Պողոսյանը՝ 14 տարվա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am