Օրթաճալայում (հին Թբիլիսիի շրջան) «Կրծանիսի» ռեստորանում «ազգային հողի վրա» տեղի ունեցած բախման մասնակիցները հայեր չեն եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ հերքելով վրացական լրատվամիջոցներում տարածված նման տեղեկությունները:
Նա նշեց, որ ոստիկանությունում բողոքներ չեն եղել, քրեական գործ հարուցված չէ: Դեսպանի փոխանցմամբ՝ վեճը եղել է կենցաղային հողի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանող կողմերը հայեր չեն եղել, այլ ազգության ներկայացուցիչներ էին:
Մեր տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցները ադրբեջանցիներ էին:
Նշենք, որ Օրթաճալայում (հին Թբիլիսիի շրջան) «Կրծանիսի» ռեստորանում ազգային հողի վրա բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդել էր «Էքսպրեսնյուսը», բախման պատճառը հյուրերի շրջանում հնչած հայատյաց բովանդակությամբ արտահայտությունն էր: Կայքը գրել էր, թե իբր վեճը սկսվել է այն բանից հետո, երբ ռեստորանի հյուրերից մեկը բարձրաձայն հայտարարել է. «Այս քաղաքում հայերը մեր գլխին են նստել», ինչը հարուցել է այնտեղ գտնված հայերի զայրույթը: Արդյունքում վեճը վերաճել է ծեծկռտուքի եւ 10 հոգու ծեծել էին:





























