2013թ առաջին վեց ամիսներին Հայաստանի ոստիկանության կողմից հայտնաբերվել եւ հաշվառվել է 58 մուրացկան: Այս մասին NEWS.am-իի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը:

Իսկ նախորդ տարի՝ 2012թ առաջին վեց ամիսներին այդ թիվը կազմում էր 66: Սրանք այն չափահաս անձինք են, ում ոստիկանությունը հայտնաբերում եւ հաշվառում է, բայց կան նաեւ մուրցականներ, որոնք հաշվառված չեն: Մուրացկանների ճնշող մեծամասնությունը, Արա Սրապյանի փոխանցմամբ, գործում է Երեւանում, այնուհետեւ մեծ մարզերն են՝ Շիրակ եւ այլն: Մուրացկանները լինում են տարբեր մարդաշատ վայրերում՝ եկեղեցիների մերձակայքում, գետնանցումներում: Արա Սրապյանն ասաց, որ ոստիկանությունը նրանց հայտնաբերելուց եւ հաշվառելուց  բացի՝  նաեւ բացատրական աշխատանքներ է տանում, բայց դա այդքան էլ արդյունավետ չի լինում, քանի որ այդ անձանց համար մուրացկանությունն արդեն ապրելակերպ է դարձել, եւ եթե նույնիսկ ապահովես աշխատանքով, կացավայրում, միեւնույն է, երաշխիք չես ունենա, որ նրանք չեն վերադառնա «նախկին աշխատանքին»: