Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անցյալ շաբաթ շուկայից գնել է 7 մլն դոլար` 407.18 դրամ միջին կշռված փոխարժեքով (աղբյուր` ԿԲ պաշտոնական կայք): Չնայած դրան` դոլարը շարունակել է թուլանալ դրամի նկատմամբ: Եթե անցյալ շաբաթվա սկզբին դոլարի բորսայական փոխարժեքը 410 դրամին մոտ էր, ապա այսօր արդեն 406-ից էժան է: Մեկ շաբաթվա ընթացքում դոլարն էժանացել է մոտ 4 դրամով, իսկ դա հայկական շուկայի համար բավական բարձր տեմպ է:

Ըստ երեւույթին` դոլարը սեպտեմբերի առաջին տասնօրյակում չափից ավելի էր արժեւորվել, ուստի այդ ժամանակ ԿԲ ոչ մեծ դոլարային ինտերվենցիան (4 մլն դոլարի չափով) անմիջապես հանդարտեցրեց կրքերը:

Դրամի ներկայիս արժեւորմանը նպաստում է հանրապետության մարզերում խաղողի ու մյուս աշնանային կուլտուրաների ակտիվ մթերումը, ինչը մթերողների մոտ օրական մոտ կես մլրդ դրամի չափով դրամի հավելյալ պահանջարկ է առաջացնում: Քանի որ ՀՀ ԿԲ-ն վերջին շաբաթվա ընթացքում նվազեցրել է դրամի քանակությունը (այդ թվում` կանխիկ դրամի), շուկայում դրամի որոշակի դեֆիցիտ է առաջացել: Սա էլ, իր հերթին, նպաստում է դրամի ժամանակավոր թանկացմանը:

Նշենք, որ ՀՀ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը սեպտեմբերի 20-ի դրությամբ կազմել է մոտ 411 մլրդ դրամ, ինչը սեպտեմբերի ընթացքում ամենացածր մակարդակն է, ու մոտ 8 մլրդ դրամով զիջում է սեպտեմբերի 6-ի մակարդակին:

Պատրաստեց` Սամվել Ավագյանը