Հայաստանում 2013թ սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 67.7 հազար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից: 

Աշխատանք փնտրողներից  48.5 հազարը կանայք են, 18  հազարը` երիտասարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 9.4%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.5 %-ը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  9.1%-ով: Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  73.8%-ը, իսկ երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.4%-ը:

2013թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի են ընդունվել 8098 աշխատանք փնտրող, որից 4922-ը` կին, 2481-ը` երիտասարդ, այն նախորդ տարվա նուն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.6%-ով: Օգոստոս ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2458 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4%-ով: Թափուր աշխատատեղերից 1271-ը բանվորական է, իսկ 1187-ը` ծառայողական: Աշխատաշուկայում պահանջարկված են  հիմնականում բժիշկների (մարզերում), տնտեսագետների,  ճարտարագետների, հաշվապահների, դասավանդողների,  դաստիարակների, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, դիմահարդարների, վարսահարդարների, մատնահարդարների, սարքավորումների և համակարգչային օպերատորների, ավտովերանորոգողների, էլեկտրիկների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, հղկողների, ատաղձագործների, եռակցողների, հրշեջների եւ  բանվորական այլ մասնագիտությունները: