Պաշտոնաթող գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելը հերթական սադրանքն է, որի նպատակն է՝ լռեցնել ազատամարտիկների շարժումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույց անող ազատամարտիկներից մեկը՝ Կարեն Մելիքբեկյանը:

Նա շեշտեց, որ սա հերթական սադրանքն է ազատամարտիկի նկատմամբ, նա իրեն վերագրող ոմիջադեպի չի մասնակցել, կաշառք չի վերցրել, արժանապատիվ ազատամարտիկ է եղել, շատ մեծ հարգանք ու պատիվ է վայելել, 21 տարի մասնակցել է բանակաշինությանը, որպեսզի ունենանք հայոց պետականություն, իշխանություն, որպեսզի մենք ղեկավարենք մեր հողերը: «Մասնակցություն է ունեցել այդ պայքարի մեջ, ինքը բանակում արժանապատիվ ծառայելով 21 տարի, այդ ժամանակ իրեն դրսեւորել է որպես ընտիր սպա, հոգով իսկական հայ, հայրենասեր, հոգացավ իր ժողովրդի հանդեպ: Սա լուրջ սադրանք է գնդադեպի նկատմամբ: Այսօրվա օրով մեր կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի ոչինչ չանի հայոց հողերը ազատագրած զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների համար: Քաղբանտարկյալներից բացի՝ Հայաստանում նոր տեսակ կա՝ սոցիալական բանտարկյալներ, ինքը այսօր սոցիալական բանտարկյալ է, եթե դուրս է եկել սոցիալական պայքարի, պահանջներ է դրել կառավարության առաջ, պահանջում է արժանապատիվ մոտեցում մեր հողերը ազատագրած ազատամարտիկների նկատմամբ, այդ պայքարի համար սադրանք եղավ, եւ իրեն կալանավորեցին»,- ասաց Կարեն Մելիքբեկյանը: 

Հարցին, թե չեք վախենում դուք էլ համալրեք «սոցիալական բանտարկյալների շարքերը», ազատամարտիկը նշեց, որ դրա համար Կառավարությունը պետք է հատուկ բանտ սարքի, վրան գրի սոցիալական բանտարկյալներ եւ բոլոր ազատամարտիկներին կալանավորեն ու տանեն նստացնեն: «Ինձ թվում է՝ ավելի լավ է այդ բյուջեի գումարը, որով պետք է բանտեր սարքեն, տան այդ տղաներին, որպեսզի նրանք իրենց սոցիալ, կենցաղային եւ ընդհանրապես արժանապատիվ ապրեն, զգան, որ տվյալ հողի համար կռվել եւ պայքարել են, ժողովրդի աչքին նայեն պարզ, ոչ թե գլուխները կախ ման գան: Որ բանտեր պետք է սարքեն ու տղաներին կալանավորեն, ավելի լավ է բյուջեից այդ գումարները տան նրանց, իրենք ավելի էժան կպրծնեն»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ այս անօրեն երկրում ամեն ինչ էլ սպասելի է: Հարցին, թե ինչու հենց Վոլոդյա Ավետիսյանին ազատազրկեցին, նրա ընկերն այսպես պատասխանեց. «Քանի որ ինքն է շարժումը սկսել, եկեք Վոլոդիա Ավետիսյանին մեկուսացնենք, շարժումը կմեռնի, ահաբեկելու համար է արվում»:

Թե ինչ են պատրաստվում անել ազատամարտիկները, այդ հարցը դեռ ազատամարտիկների խորհուրդը չի քննարկել, որոշման լինելուն պես կհայտնեն: Չի բացառվում, որ Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման հարցը դնեն կառավարության առաջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է  ձերբակալվել  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, ապա կալանավորվել:

Գործի նյութերով Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել: «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»,-ասել էր նա: