Մարսելում սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա առթիվ տոնակատարության ժամանակ պատվո սրով պարգեւատրվեց Մարսել վերադարձած ղարաբաղյան շարժման նախկին մասնակից Լեւոն Մինասյանը, ով երկար տարիներ շարունակ չէր կարողանում այցելել հայրենի քաղաք: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

Արարողությանը մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում մի քանի պաշտոնյաներ՝ Քրիստոֆ Մասը, Անրի Ժիբրայելը, Սամիյա Գալին, Իվ Մորենը, արվեստի աշխարհի ներկայացուցիչներ Սիմոն Աբգարյանը, Ժերե Մելանը, Արիան Ասկարիդը, Ռոբեր Գեդիգյանը, ինչպես նաեւ Հայաստանի դեսպան Վարդան Սիրմակեսը: Հայ վետերանների ազգային միավորումը եւ Ֆրանսիայի դիմադրական շարժման մասնակիցները այդ կերպ պարգեւատրել են մարսելահային ղարաբաղյան պատերազմին մասնակցության համար:

Նշենք, որ 1989թ.-ի մայիսին Լեւոն Մինասյանը Մարսելում հեռակա դատապարտվել էր ցմահ բանտարկության: 1987 թվականին նա եկել էր Հայաստան եւ այլեւս չէր կարողացել վերադառնալ հայրենի քաղաք: Հայաստանում նա ղարաբաղյան պատերազմի մասնակցությունից հետո դարձել էր ազգային հերոս: Անցել է 26 տարի, եւ միայն հիմա, երբ Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանի կողմից համապատասխան ժամկետն անցնելու որոշում կայացվեց, նա կարողացավ վերադառնալ Մարսել: