Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ տնտեսական եւ առեւտրական հարաբերությունները մշտապես ընդլայնվում են: Այդ մասին հայտարարել է Քուվեյթի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անաս Աս-Սալիհը Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձի տոնակատարության ժամանակ:

Նրա խոսքով վերջին տարիներին գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության ոլորտում աճել են առեւտրի ծավալները:

Իր հերթին Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթին սիրիական փախստականներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է KUNA գործակալությունը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ մշտապես զարգանում են հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական, կրթական ոլորտներում:

Հայ դիվանագետը նաեւ հույս է հայտնել, որ հարաբերությունները մյուս արաբական երկրների հետ կբարձրանան այն մակարդակին, ինչպես որ Քուվեյթի դեպքում:

Քուվեյթի հայ համայնքը հաշվվում է մոտ 6000 մարդ: