Մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կրկին օրակարգում է։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է քննարկումներ կազմակերպել մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ։ Ըստ շրջանառվող վարկածների՝ ուղեվարձը թանկանալու է՝ հասնելով 200-250 դրամի։ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնող խումբը շարունակելու է պայքարել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, վերջիններիս պայքարի հին մեխանիզմներին կգումարվեն նորերը, որոնց մասին առայժմ չեն բարձրաձայնում։

Երեկ «Ժամանակը» պարզեց, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարին պատրաստ են նաեւ հայ անվանիները: Մեզ  հետ զրույցում դերասանուհի Լալա Մնացականյանը հայտնեց, որ անպայման միանալու է թանկացման դեմ պայքարի դուրս եկողներին: Երգչուհի Արմինկան եւս նշեց, որ ի սկզբանե եղել է պայքարում եւ իր սկզբունքներին հավատարիմ է մնալու:

Երգահան Գիսանե Պալյանին նույնպես վրդովեցրել են ուղեվարձի թանկացման մասին լուրերը: Գիսանեն եւս բողոքի իր ձայնը կարտահայտի` միանալով մյուս պայքարողներին: Կարգին Մկոն դժվարացավ նշել` կմասնակցի պայքարին, թե ոչ:»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):