«ՉԻ» տեղեկություններով՝ կոնֆլիկտ է հասունանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին ամենեւին էլ դուր չի եկել այն հանգամանքը, որ Մաքսային միության ընթացակարգերը պատրաստող հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնում է իր առաջին տեղակալը՝ Կարինե Մինասյանը։

Ավանեսյանը դժգոհել է, թե երկրի համար այդ կարեւորագույն փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները պետք է ընթանային առաջին դեմքով, այսինքն՝ ինքը պետք է կանգնած լիներ «գործի» գլխին, մինչդեռ իր տեղակալին նման հանձնարարական տալը նշանակում է իր անձը ստորադասել կառավարության երկրորդ էշելոնի պաշտոնյային։ Նկատենք, որ Կարինե Մինասյանը համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմ անձանցից մեկը, ով հայտնի է իր՝ նախարար աշխատելու ամբիցիաներով։ Ի դեպ՝ թե՝ Վահրամ Ավանեսյանը, թե՛ Կարինե Մինասյանը կառավարությունում հայտնի են որպես «եվրոպամետ» դեմքեր, իսկ հիմա նրանք «ցելա են գցում», թե ով է իրենցից ավելի լավ կամ արագ ծառայելու ռուսամետներին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):