Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկ-Ախտարսկ շրջանում վթարի է ենթարկվել ռազմական Սու-25 օդանավը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի երեկոյան: Ուսումնափորձարարական թռիչքի ժամանակ Պրիմորսկ-Ախտարսկի օդանավակայանի կարգավարը կորցրել է օդաչուի հետ կապը: Օդանավի ընկնելու ենթադրյալ վայր էր ուղեւորվել որոնողափրկարարական մի խումբ, որն էլ հայտնաբերել էր օդանավի բեկորները:
Սու-25-ի ընկնելու վայրում հայտնաբերվել է նահացած օդաչուի մարմինը, հայտնում է «Ինտերֆաքսը» սեպտեմբերի 24-ի առավոտյան` վկայակոչելով մարզի ուժային կառույցների աղբյուրներին: Օդանավի անկման վայր է ուղարկվել հատուկ փորձաքննական հանձնաժողով: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում Սու-25-ի օդաչուի մարմնի հայտնաբերման մասին տեղեկություն պաշտոնապես չեն հաստատել:
Ավելի վաղ ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սու-25-ի օդաչուն կարողացել է օդանավը հեռու տանել մոտակա բնակավայրից: Միաժամանակ «Ինտերֆաքսի» զրուցակիցները հայտնել էին, որ օդաչուն չէր հասցրել լքել օդանավը:
Հարավային ռազմական օկրուգում Սու-25-ի թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են:





























