Մինչեւ հոկտեմբերի 10-ը պարզ կդառնա, թե ինչ ուժ է ձեւավորում Սասուն Միքայելյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Ասել եմ, որ նոր ուժ կձեւավորվի, ուրեմն՝ կձեւավորվի, ամենաուշը մինչեւ հոկտեմբերի 10-ը, կուսակցություն չի լինելու, մնացած դետալները՝ հետո»,- ասաց նա:
Նախկին պատգամավորը կոչ է անում չշտապել եւ չփորձել ժամանակից շուտ մանրամասներ ճշտել՝ «Շտապիք, որ էս երկիրը էս օրն ընկավ»: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն է ղեկավարելու այդ ուժը, թե ոչ, նա խնդրեց այդ մասին հարցնել հենց Նիկոլ Փաշինյանից: Սասուն Միքայելյանը չբացահայտեց նաեւ նոր ձեւավորվող ուժի անունը. «Ամենակարեւորը՝ ուժը պետք է ուժեղ լինի, 15 օրից լրիվ պարզ կլինի ամեն ինչ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած եւ ՀԱԿ-ի հետ իր գաղափարական անհամաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձեւավորվի, եւ ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա:
Թե դա ինչ ուժ է եւ երբ է ձեւավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձեւակերպումով: Օրերս մենք տեղեկացանք, որ նոր ուժի ձեւավորման ուղղությամբ քայլեր են արվում, եւ Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում:
Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը ղեկավարի) Նիկոլ Փաշինյանը եւ ՀԱԿ-ից անջատված որոշ այլ գործիչներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























