Օրեր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը իր ինստիտուտին շնորհել է «A» դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ հիմնականում շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են, օբյեկտիվ եւ դրսեւորում են խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու եւ լուծելու կարողություն:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ վերջին երկու տարվա ընթացքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հետեւել եւ ուսումնասիրել է Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքները, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն եւ համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին:
«A» դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Օմբուդսմենի, այլեւ տվյալ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Նման կարգավիճակ ստացած Օմբուդսմենները հնարավորություն են ստանում առավել արդյունավետորեն հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպությունում եւ մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաեւ կարողանում են բարձրաձայնել եւ ներկայացնել մարդու իրավունքներին վերաբերող հիմնահարցեր միջազգային ամենաբարձր ամբիոններից:





























