Հայաստանի ներքին պետական պարտքը 2013 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 270 մլրդ դրամ (մոտ 660 մլն դոլար): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Տարեսկզբի համեմատ ներքին պարտքն աճել է մոտ 6,3%-ով կամ մոտ 16 մլրդ դրամով:

Ներքին պետական պարտքը ձեւավորվում է պարտատոմսերի թողարկումից: Պարտատոմսերի միջին եկամտաբերությունը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 13.9887%: Տարվա ընթացքում տեղի է ունեցել պարտատոմսերի եկամտաբերության զգալի աճ (փետրվարի 1-ին միջին եկամտաբերությունը 13.6406 % էր); Արդյունքում՝ պետական բյուջեից պարտատոմսերի սպասարկման ծախսերն ավելացել են: Արդեն իսկ տոկոսավճարների համար պետական բյուջեից հատկացվել է 20,5 մլրդ դրամից ավելի գումար, այն դեպքում, երբ տարեկան պլանը 29,7 մլրդ դրամ է; Ակնհայտորեն՝ պետական բյուջեում նախատեսված գումարը չի բավականացնի պարտատոմսերի սպասարկման համար:

Պարտատոմսերի կառուցվածքում առաջին տեղը գրավում են միջինժամկետները (ընդհանուրի մոտ 54%-ը); Երկարաժամկետ պարտատոմսերը կազմում են ընդհանուրի 35,5%-ը, կարճաժամկետները՝ 10,2%-ը: Թողարկվում են նաեւ ոչ մեծ քանակությամբ խնայողական պարտատոմսեր: