Պետք է հիշեցնեմ, որ ես հրաժարական չեմ տվել, դրա համար Ազգային ժողովում իմ ազատվող տեղի վրա հող փորելը մի քիչ վաղաժամ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրեն դեսպան նշանակելուց հետո թափուր մնացող պատգամավորական մանդատին:

«Քանի որ մամուլի բերանն է գցված այս թեման, որպեսզի շեղեն այլ կարեւոր թեմաներից, անհարմար է, բայց քանի որ մեր մամուլը խայծը կուլ է տալիս, թող այդպես էլ շարունակի, թող գրի իմ մասին ամեն ինչ առանց ինձնից ճշտելու, երեւանյան ոճ է, թող այդպես էլ գրի, ես ավելացնելու բան չունեմ: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե պատգամավորական գործունեությունը ինչպես եք համատեղելու դեսպանի աշխատանքի հետ, նա այսպես պատասխանեց. «Ի՞նչ դեսպանի աշխատանք, ինֆորմացիա եմ տվել, որ ինձ դեսպա՞ն են նշանակել: Դա չի համապատասխանում իրականությանը. առաջարկը եւ նշանակումը բացարձակապես տարբեր բաներ են, թե բովանդակային, թե ժամանակի առումներով, այնպես որ ժամանակից առաջ չընկնենք: Ես կարծում եմ, որ ցանկացած նման բան ժամանակ է պահանջում»:

Իսկ թե ում կցանկանար տեսնել նա իր փոխարեն ԱԺ-ում, Վահան Հովհաննիսյանը չցանկացավ որեւէ մեկին առանձնացնել՝ ասելով, որ ՀՅԴ համամասնական ցուցակում բոլորն էլ արժանի են, «ում էլ Գերագույն մարմինը որոշի, արժանի է, որովհետեւ ցուցակը կազմված է արժանի մարդկանցից»:

Նշենք, որ «168 ժամ»-ը գրել էր, որ ՀՅԴ համամասնական ցուցակով հաջորդը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն ՀՅԴ-ում տեսակետ կա, որ խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր: ՀՅԴ համամասնական ցուցակում 11-րդ համարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանն է, եւ որպեսզի նա դառնա պատգամավոր, պետք է նրանից առաջ գտնվողները ինքնաբացարկի դիմեն: ՀՅԴ-ականները որպես Ռ. Առաքելյանի պատգամավոր դառնալու հիմնավորում ներկայացնում են այն հանգամանքը, որ նա Հայաստանի առաջին ՀՅԴ-ականներից է, եւ ավելի մեծ կուսակցական ստաժ ունի, քան բազմաթիվ ճանաչված դաշնակցականներ: Բայց եթե Դաշնակցությունը իսկապես որոշում կայացնի, որ խմբակցությունը պետք է համալրել կին պատգամավորով, ապա պայքարի մեջ կարող է մտնել 20-րդ հորիզոնականում գտնվող Լիլիթ Գալստյանը: Ճիշտ է, նա Ռ. Առաքելյանի նման չի կարող պարծենալ կուսակցական ստաժով, բայց նա իր պատգամավորության շրջանում աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ»: Հատկապես, որ «168 ժամ»-ի տեղեկություններով, Վահան Հովհաննիսյանը ամենեւին դեմ չէր լինի իր պատգամավորական մանդատը զիջել հենց Լիլիթ Գալստյանին:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում ՀՅԴ անդամների տարբեր երկրներում դեսպաններ նշանակվելու մասին, որոնք սակայն, որեւէ կերպ չէին մեկնաբանվում դաշնակցականների կողմից: Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հաստատել էր, որ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ է ստացել եւ այդ առաջարկն իր համար ընդունելի է: