Սիրիայի դեմ հարձակման սպառնալիքը հեռացվել է, բայց չի վերացվել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Պետդումայում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, քիմիական զենքի հարցում փոխզիջման գնալով, միեւնույն է, պնդում են, որ այն կիրառել են սիրիական իշխանությունները՝ միաժամանակ արժանահավատ փաստեր չներկայացնելով:

«Մշտապես խոսվում է այն մասին, որ Դամասկոսին պատժելու ծրագրերը ուժի մեջ են՝ ընդհուպ մինչեւ ռազմական միջամտությունը», - ասել է Ռյաբկովը: Նրա խոսքով՝ այստեղից հետեւություն, որ ագրեսիայի սպառնալիքն ընդամենը հեռացվել է, բայց վերջնականապես չի վերացվել:

Ռյաբկովը նաեւ խորհրդարանականներին հայտնել է, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբը շվեդ պրոֆեսոր Օկե Սելստրոմի հետ սեպտեմբերի 25-ին կուղարկվի Դամասկոս՝ ընդգծելով, որ Ռուսաստանի համառ կոչերը՝ ՄԱԿ-ի փորձագետներին այլ դրվագներ հետաքննելու համար կրկին Դամասկոս ուղարկելու  կոչերն արդյունավետ եղան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչ վերաբերում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին ՄԱԿ-ի զեկույցին, Ռյաբկովը նշեց, որ ռուսական կողմի կարծիքով զեկույցը լուրջ ուսումնասիրման կարիք ունի: «Կառավարության կողմից քիմիական զենք կիրառելու բոլոր փաստարկներին կարելի է զգալի առարկություններ ներկայացնել», - ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը: