Թուրքիայից ներկրվող սննդամթերքը Հայաստանում անբավարար է վերահսկվում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա տեղեկացմամբ՝ վերջին ամիսներին Թուրքիայից Հայաստան են ներկրվել կիտրոն, մաստակ, պարենային եգիպտացորենի հատիկներ, խմորիչ: Դրանցից լաբորատոր ստուգման ենթարկվել է միայն մաստակը, որտեղ հայտնաբերվել են խախտումներ; Բ. Պիպոյանը զարմացած էր, որ նույնիսկ խմորիչը լաբորատոր ստուգման չի ենթարկվել: Նա այդ հանգամանքը բացատրեց օրենսդրության անկատարությամբ եւ ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության մոտ կամքի բացակայությամբ; «Ինչպես է, որ ՏՄՊՊՀ-ն խոշոր տուգանքների ենթարկեց օլիգարխներին, իսկ սննդի անվտանգության ծառայությունը դա չի անում»,- հռետորական հարց ուղղեց Բ. Պիպոյանը:
Նրա խոսքով՝ սննդի անվտանգության ծառայությունում նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում տեխնիկական լոլիկը, հետեւաբար՝ վերահսկողության մասին խոսելն էլ ավելորդ է: Բ. Պիպոյանը նշեց, որ Թուրքիայից միշտ էլ ներկրվել է լոլիկ ու այլ բանջարաբոստանային կուլտուրաներ, սակայն պատշաճ վերահսկողություն չի իրականացվել:




























