Ազգային փոքրամասնությունների պետք է ներկայացված լինեն ընտրովի մարմիններում, սակայն այդ հարցի լուծումը կարող է լինել այն դեպքում, երբ նրանք միասնական առաջարկ ներկայացնեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում, «Սինջար եզդիների ազգային միավորման» խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
«Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչները ներկայացրել են այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանում ապրող եզդիները` մասնավորապես Սադոնց գյուղում ժամանակին գործած անօրինական մանկապարտեզի խնդիրը, որտեղ նաեւ կրոնական քարոզչություն է իրականացվել:
Պատգամավորները վստահեցրել են, որ անհրաժեշտ փաստերի առկայության դեպքում նրանք անպայման կբարձրաձայնեն խնդիրը: Պատգամավորների հետ քննարկվել է նաեւ թե ինչ ճանապարհներով ազգային փոքրամասնությունները կարող են ներկայացված լինել ընտրովի մարմիններում:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւոր է համարել ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ընտրովի մարմիններում, սակայն կարծում է, որ հարցի լուծումը կարող է լինել այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունները միասնական առաջարկ ներկայացնեն:
Կողմերը քննարկել են նաեւ Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների հարցը եւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու դեպքում խնդիրը կբարձրաձայնի միջազգային հանդիպումների ընթացքում:





























