Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 23-ին, մի քրեական գործի  շրջանակներում խուզարկություն են կատարել 27-ամյա Լեռնիկ Գ.-ի տանը եւ օժանդակ կառույցներում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկության ժամանակ տանը կից օժանդակ կառույցում` մուտքից դեպի աջ տեղադրված չգործող գազօջախի ջեռոցում` պոլիէթիլենային փաթեթի մեջ, հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 15 մ երկարության կրակատար քուղի փաթեթ եւ  5 սմ երկարությամբ, դեռեւս չպարզված տիպի  3 պայթուցիչ:

Լեռնիկ Գ.-ի հայրը` 52-ամյա Պետրոս Գ.-ն, հայտնել է, որ նշված իրերը պատկանում են իրեն, որոնք ինքը ձեռք է բերել 2012 թ.` հետագայում օգտագործելու համար:

Նույն քրեական գործի  շրջանակներում խուզարկություն է կատարվել 44-ամյա Արթուր Վ.-ի բնակարանում, որի ժամանակ ննջասենյակից հայտնաբերվել եւ առգրավվել է «ՏՕԶ» տիպի, ողորկափող հրացան, 3 հատ ինքնաշեն եւ 2 հատ գործարանային արտադրության որսորդական հրացանի փամփուշտներ, որսորդական դանակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 8 փամփուշտ եւ   փամփուշտի նմանվող առարկա:

Նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել 50-ամյա Գառնիկ Ե.-ի տանը եւ օժանդակ շինություններում, որի ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է  7.62 մմ տրամաչափի «ՍԿՍ» տիպի հրացան, 12 տրամաչափի օդամղիչ հրացան,   4.5 մմ տրամաչափի  օդամղիչ հրացան, «ՊՊ» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի 9  փամփուշտ, 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 2 պարկուճ, պլաստմասե գլան` լիցքավորված վիճակում,   12 մմ տրամաչափի հրացանի 7 փամփուշտ, որսորդական դանակ,   7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտ` փամփշտակալով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 12   պարկուճ եւ թղթապանակ` փաստաթղթերով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: