Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է, որ ինքը ամեն ինչ կանի, որ Թուրքիայի միակ հայկական գյուղը շարունակի իր գոյությունը նաեւ քաղաքների վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխություններից հետո:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ`Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող հայկական Վաքըֆլը (Վագըֆ) գյուղ այցելած Քեմալ Քըլըչդարօղլուն զորւցել է տեղի բնակչության հետ, լսել նրանց մտահոգությունները քաղաքների վերաբերյալ նոր օրենքի հետ կապված:  Հայ բնակիչները նշել են, որ Հաթայը դառնալու է մեծ քաղաք, իսկ իրենց գյուղը կցվելու է որպես թաղամաս, ինչի արդյունքում կվերանա հայկական մշակույթը:

 Թուրք կուսակցապետը նշել է, թե գյուղի ինքնուրույնության պահպանման համար իրենք նոր օրենսդրական առաջարկ կներկայացնեն խորհրդարան:Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից վերջին օրերին ընդունված մեծ քաղաքների մասին սկանդալային օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիայի միակ հայկական գյուղի իրավունքներն ի չիք են դառնալու։

Օրինագծով 500 հոգուց պակաս բնակչություն ունեցող գյուղերը կորցնում են գյուղ լինելու կարգավիճակը եւ կցվում են մեծ բնակավայրի՝ կորցնելով գյուղապետ ընտրելու իրավունքը։

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող միակ հայկական գյուղում ապրում է ընդամենը 135 հոգի։