«Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի համար տարակուսելի է, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին մ.թ.ա.-ում տեղի ունեցած ինչ-որ դեպքի առթիվ հիմա են ազատազրկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը:

«Թող շուտ կալանավորեին, եթե նման բան է արել: Այդքան տարիներ անցել է, չեք իմանում՝ էս երկրում ոնց է կատարվում ամեն ինչ: Քաղաքական հետապնդում է, մեր իշխանությունները շատ են վախենում, որ նոր ուժ կձեւավորվի ու էն գլխից քայլեր են ձեռնարկում»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը կապում է վերջինիս դրսեւորած ակտիվության հետ, երբ նա նախաձեռնել եւ մասնակցում էր ազատամարտիկների համար նորմալ պայմաններ ապահովելուն ուղղված բողոքի ակցիաներին:  «Տարօրինակ է, որ մեր թվարկությունից քանի դար առաջ խարդախություն է եղել, հիմա են բռնում: Ինչ ուզեն, կարան սարքեն, կապեն մարդու գ;խին»,- նշեց նա: Սասուն Միքայելյանը մտահոգություն չունի, որ մյուս ազատամարտիկների հետ եւս այդպես կվարվեն. «Ոչ մի բան էլ չեն կարող անել, ամեն ինչին վերջ կա, համբերի, համբերի, կտեսնես վերջը, մի օր քամին կհավաքի, կտանի սաղի, այդպես  չեն մնա, հերիք է էս ժողովրդի կյանքը կերան, մարդ չմնաց այս երկրում: Ով էլ մնացել է, իրենց մամաների փեշերի տակ են մտել, վախենում եմ մի բան խոսել, մի բան անել, ես իմ բաժինը վախեցել եմ էս երկրում, վախենալու բան չունեմ»,- ասաց նա:

Վոլոդյա Ավետիսյանի հարցով Սասուն Միքայելյանը մտադիր է ինչ-որ քայլեր ձեռնարկել, «տեսենք իրենք ինչ են անում, որ մենք էլ սկսենք անել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է  ձերբակալվել  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, ապա կալանավորվել:

Գործի նյութերով Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել: «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»,-ասել էր նա: