Երեւանում հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգեւատրվել Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ների անդամներ, լրագրողներ, ուսանողներ եւ տնտեսվարողներ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած եւ աշխատանքների մասնակից բոլոր կառույցներին եւ կամավորներին, ապա՝ շնորհավորել պարգեւատրվածներին:

Պարգեւատրվածներն ընդգծել են ծրագրի կարեւորությունն ու պատրաստակամություն հայտնել հետագայում եւս ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքային այն բոլոր ծրագրերում, որոնք իրականացվում են Երեւանի եւ երեւանցիների համար:

Նշենք, որ «Ավելի մաքուր Երեւան» ծրագրով մաքրվել եւ պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի մի շարք կանաչապատ գոտիներ ու քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող վայրեր: Աշխատանքներին մասնակցել է 32 հասարակական կազմակերպություն: «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում իրականացված սանմաքրման աշխատանքներին ընդհանուր առմամբ  մասնակցել են 10 հազար կամավորներ: