ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ երկար տարիների  արդյունավետ  ու բազմաճյուղ փոխգործակցությունը կշարունակվի եւ  դրական արդյունքներ կունենա նաեւ փախստականների եւ տեղահանված անձանց համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Փոխվարչապետը ներկայացրել է ինչպես  Ադրբեջանից բռնագաղթածների, այնպես էլ սիրիահայերի խնդիրները: Նա առավել կարեւոր է համարել նրանց բնակարանային ապահովվածության հարցը` ափսոսանքով նկատելով, որ մինչ օրս հնարավոր չի եղել ամբողջությամբ լուծել Ադրբեջանից մոտ երկու տասնամյակ առաջ բռնագաղթածների բնակարանային խնդիրը: Հայաստանի կառավարությունը  փորձում է նաեւ հնարավորության սահմաններում պայմաններ ստեղծել սիրիահայերի կեցության համար:

Միաժամանակ նա նկատել է, որ  ՓԳՀ հայաստանյան  գրասենյակի  հետ համագործակցաբար  հաջողվել է թեեւ ոչ մեծ մասշտաբի, բայց  արդյունավետ ծրագրեր իրականացնել` մասնավորապես  սոցիալական տների կառուցման  եւ շահագործման ծրագրերը: Նա առանձնացրել է նաեւ գրասենյակի հետ համագործակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի, միգրացիայի ոլորտում տարբեր հետազոտությունների իրականացման, ինչպես նաեւ իրավական  փաստաթղթերի մշակման աջակցության  ոլորտներում:

Քրիստոֆ Բիրվիրթն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը:  Հայաստանի կառավարության համար նա կարեւոր համարեց փախստականների եւ տեղահանված անձանց  համար  անհրաժեշտ պայմանների ապահովումը` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խնդրի վրա հրավիրել նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների ուշադրությունը: