Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակչության օգնության համար դրամական միջոցների հայթայթմանն ուղղված «ONEArmenia» կազմակերպության ծրագրի շնորհիվ հավաքվել էր 8095 դոլար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «ONEArmenia» կազմակերպության տնօրեն Դեվիդ Բեքեթը:
Նրա խոսքով, արդյունքը գերազանցել է սպասելիքները: ««Սահման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն արդեն եղել են Բերքաբերում՝ ծրագրելով ջերմոցների շինարարության հաջորդ փուլը»,- նշել է Դեվիդ Բեքեթը:
« ONEArmenia» կազմակերպության տնօրենն ընդգծել է, որ «Սահման» կազմակերպության ներկայացուցիչները եղել են նախորդ երկու ջերմոցներում. երկուսում էլ առաջընթաց է գրանցվել: Դրանցից մեկը տեղական շուկայում արդեն իրացնում է սեփական արտադրանքը, այն ժամանակ, երբ մեկ այլ ջերմոցի սեփականատեր սկսել է իր անձնական ջերմոցի շինարարությունը:
Նշենք, որ օգոստոս 7-ին «ONEArmenia»-ն սկսեց սահմանամերձ Բերքաբեր գյուղի մոտ 500 բնակիչների համար ջերմոցների կառուցման ծրագրի 4-րդ փուլը: Անցած 20 տարիների ընթացում գյուղի ֆերմերները վիճակի չեն եղել զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ նրանց հողերը մնացել էին ադրբեջանական ուժերի կրակի տակ:




























