«Հրապարակը» գրում է, թե իշխանական վերնախավում արդեն կա որոշում, որ տարբեր գերատեսչությունների քննչական մարմինների միավորումից ստեղծվող նոր կոմիտեն ղեկավարելու է Աղվան Հովսեփյանը: Այն կձեւավորվի մինչեւ նոր տարի:
«Կառույցը բավականին լայն լիազորություններ ու իրավասություններ է ունենալու, ինչն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի մտերիմների, բավարարում է Գառնիկիչի ամբիցիաները` մեկ «նո»-ով. Գառնիկիչն ու յուր կողմնակիցները ցանկանում են, որ այդ կառույցի մեջ ներառվի նաեւ ՀՔԾ-ն, անգամ պատրաստ են դրա դիմաց լոբբինգ անել, որ Վահրամ Շահինյանը դառնա գլխավոր դատախազ: Ու հիմա լուրջ պայքար է ընթանում այդ կառույցն ապագա կոմիտեի մեջ ներառելու «մատույցներում»:
Սակայն, մեր տեղեկություններով, այս առնչությամբ նույնպես կա «երկաթյա» որոշում` ՀՔԾ-ն չի մտնելու այդ կոմիտեի մեջ. այն մնալու է որպես անկախ մարմին, ի տարբերություն կոմիտեի մեջ հայտնվելիք գերատեսչական քննչական մյուս մարմինների, եւ հակակշռելու է ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ նորաստեղծ այդ կոմիտեի աշխատանքները: «Եվ հետո` ընդամենը 4 ամիս է, ինչ Վ. Շահինյանը պաշտոնի է նշանակվել, պիտի աշխատի»,- ասացին մեր աղբյուրները»,- գրում է թերթը:





























