Վերջին օրերին Սերժ Սարգսյանի երկու հրապարակային տեքստերը ուշագրավ ուղերձներ էին պարունակում, որոնք արժանի են դիտարկման։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձում այսպիսի մի հատված կար. «Անկախությունը միաժամանակ նպատակ է եւ կենսակերպ: Այն պիտի նվաճել ամեն օր` յուրաքանչյուր րոպե ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպես անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում, եւ ամեն ինչ կարող ենք քննարկման առարկա դարձնել: Մի բան, սակայն, կա եւ անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է»։

Ինչպես հայտնի է, օրերս Սերժ Սարգսյանը Սոչիում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ ձեւաչափով հանդիպմանը շոշափել է ՀԱՊԿ արդյունավետության եւ հեղինակության հարցը։ «Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի եւ, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ»,- նշել է Սերժ Սարգսյանը։

ՀԱՊԿ անդամ երկրներ Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ են, իսկ այդ կազմակերպությունը  իր ընդունած հռչակագրերում շեշտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը եւ աջակցում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հարցում։
Բայց Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական սլաքն ուղղվում է ոչ միայն Ղազախստանին, Ղրղըզստանին եւ Տաջիկստանին, այլեւ Ռուսաստանին։ Բացի այդ, ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության եւ հեղինակության հարցի բարձրացման փաստն ինքնին ուշագրավ է։

Ի դեպ, հատկանշական է այն, որ թեեւ սեպտեմբերի 3-ին Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը Մաքսային միություն մտնելու մտադրություն ունի, այնուամենայնիվ Սոչիում Սարգսյան-Պուտին առանձին հանդիպում չի կայացել։ Սա վկայում է թերեւս այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն ու անվստահությունը դեռ պահպանվում է...»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):