ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը: Հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայոմ իրավիճակի կայունացումը: Դռնփակ հանդիպումը տեւել է մեկուկես ժամ:
Լավրովն ու Քերրին քննարկել են սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու ռուս-ամերիկյան ծրագրի իրականացումը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւ նախապատրաստելը: Բանակցություններում հիմնական տարաձայնությունները վերաբերում են բանաձեւի փոփոխություններին, որը թույլատրում է Դամասկոսի դեմ ուժի կիրառումը: Ռուսաստանը դեմ է դրան, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Քերրին Լավրովի հետ երկխոսությունն անվանել է կառուցողական: Նույն կարծիքն է հայտնել նաեւ ՌԴ-ի արտգործնախարարը: «Բանակցություններն արդյունավետ էին, մենք ընդհանուր պատկերացում ունենք` ինչպես առաջ շարժվել: Մենք հուսով ենք, որ կարող ենք համաձայնեցնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը», – Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Սերգեյ Լավրովը նաեւ մտավախություն է հայտնել, որ սիրիական ընդդիմությունն իսկապես քիմիական զենք ունի: «Լուրջ մտավախություն կա, որ սիրիական ընդդիմությունն ունի այդ վնասակար նյութերի առանձին բաղադրիչներ: Մենք խոսում ենք` ելնելով փաստերից: Իսկ փաստերն այնպիսին են, որ սիրիական կառավարությունը միացել է Քիմիական զենքն արգելող հռչակագրին եւ պատրաստակամություն է հայտնել կատարել այդ փաստաթղթով սահմանված պարտավորությունները», – եզրափակել է նախարարը:





























