Եթե Հայաստանը ՀԱՊԿ ռազմաքաղաքական բլոկի կազմում է, բնական է, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանի դիրքորոշումն այլ լինել չէր կարող: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությանը:

Դավթյանի համոզմաբ՝ անհնար է ապահովել անվտանգությունը միայն մի խումբ երկրների միջոցով եւ տնտեսական  հետաքրքրություն փնտրել բոլորովին այլ խումբ երկրների հետ, դա անտրամաբանական կլիներ: Նա նաեւ հավելել է, որ  մինչեւ սեպտեմբերի 3-ը Հայաստանը հրավեր չէր ստացել Մաքսային միությանն անդամակցելու, այդ պատճառով մինչ այդ երկրում այս հեռանկարի մասին չէին խոսում:

Անդրադառնալով ԵՄ հետ հետագա փոխգործակցությանը, Դավթյանը ընդգծել է. «Համապատասխան հայտարարություն է արվել այն մասին, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել ԵՄ հետ այն մակարդակում, որը կառաջարկեն մեր եվրոպացի գործընկերները, հաշվի առնելով, որ Հայաստանն իր ապագան տեսնում է Մաքսային միությունում»:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: