Մաքսային միություն մտնելու գլխավոր դրդապատճառը Հայաստանում օլիգարխիկ համակարգը պահելն է եղել, եւ իշխանությունը պահելու ու հնարավորինս երկարացնելու ցանկություն, այլ հետեւություն չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձը որոշակի առումով հույսեր է արթնացնում, բայց այն, ինչ կատարվում է երկրում, չի կարելի մեծ հույսեր կապել։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություների թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, որը իրականացնում են իրավիճակային խնդիրները լուծելու համար, մեզ բերել են նրան, երբ իշխանությունների ակտիվ ջանքերի շնորհիվ ընդունվում են որոշումներ, որոնք որեւէ ձեւով որեւէ մեկի համար հասկանալի չեն դառնում։
Համեմատելով Ասոցացման համաձայնագիրը եւ Մաքսային միությունը՝ ավագանու անդամն ասաց, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ գոնե հասարակության ներսում քննարկումներ կային, ինչը նշանակում էր որոշակի լեգիտիմություն ուներ հանրության մոտ, սպասում էին բարեփոխումների, իսկ Մաքսային միության հետ կապված անընդունելի գործընթաց է, քանի որ որեւէ մեկը տեղյակ չէ՝ ինչ է լինելու։ «Այն, ինչ տեղի է ունենում, խաբեություն է։ Դա իմ տերմինը չէ, Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւի տերմինն էր, ով ասել էր, որ ովքեր հայտարարում են եւ..եւ-ի մասին խաբեւությամբ են զբաղվում, խաբում են քաղաքացիներին։ Փաստացի հիմքերը, թվաբանական տվյալները ապացուցում են, որ ՄՄ անդամ դառնալուց ֆինանսական կորուստներ ենք կրելու,քաղաքացիները դեմ հանդիման են կանգնելու գնաճի հետ, ցածր աշխատավարձերի եւ աշխատատեղերի կրճատման պարագայում ունենալու ենք արտագաղթի մեծ տեմպ։ Ասոցացման համաձայնագրի պարագայում մենք ինքնուրույն պետք է որոշեինք տոկոսադրույքները, օրինակ՝ Ուկրաինան զրոյական տոկոսադրույքով մուտք է ունենալու եվրոպական շուկա»,- ասաց նա։
Մաքսային միություն մտնելու հետ կապված մյուս փաստարկները, որոնք կապված են անվտանգության եւ ԼՂՀ-ի հետ, ապա Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, Ասոցացման համաձայնագրի դեպքում խնդիր չէինք ունենալու, այսինքն՝ վիճակը ավելի վատ չէր լինելու, քան հիմա էր։ Ավագանու անդամը նշեց, որ ՄՄ-ի հետ կապված վատ վիճակ է լինելու, Ղազախստանը առաջ է քաշում, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է լինեն մաքսակետեր, որոնք հայերը չեն հսկի։
Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ եթե Հայաստանը շանտաժով է մտել ՄՄ խնդիր լուծելու համար, դա անընդհատ կախված է լինելու մեր գլխին, եւ մենք մեր ինքնուրույնությունն ենք կորցնելու՝ շանտաժին ենթարկվելով։ Նա նաեւ շեշտեց, որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի, որոշումը լինելու է վայրկյանական, իշխանության ներսում էլ միանշանակ վերաբերմունք չկա, եւ քանի որ «մեր տունը ծղոտից է սարքած, ինչ քամի կփչի, ինչպիսի քամի կփչի, միեւնույն է այդ տունը փլվում է»։





























