Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Արարատի եւ Վայոց ձորի մարզեր:
Հանրապետության նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին: Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբեւիցե չի ունեցել մանկապարտեզ եւ տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երեւանի Նորագավիթի, ինչպես նաեւ Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները: Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ 2011թ. մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքն այժմ ունի նորակառույց մանկապարտեզ, որտեղ ներկայումս ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Նախագահն այնուհետեւ այցելել է Վեդի քաղաքի մշակույթի տուն, որտեղ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մշակույթի տան բացմանը: Հանրապետության նախագահին ներկայացվել է, որ դեռեւս 1937-1938թթ. կառուցված եւ 1988թ. մաշվածության պատճառով գործունեությունը դադարեցրած մշակույթի տան հիմնանորոգման արդյունքում, որն իրականացվել է նախագահի հանձնարարությամբ, երկհարկանի շինությունն այժմ ունի 280 տեղանոց հարմարավետ դահլիճ, որտեղ կարող են գործել տասնյակից ավելի տարբեր խմբակներ: Մշակույթի տանը շրջայցի ընթացքում նախագահը դիտել է նաեւ Վեդիի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:
Արարատի մարզից Սերժ Սարգսյանը մեկնել է Վայոց Ձորի մարզ, որտեղ ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) եւ Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի եւ ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից «Արենի 1» քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին: Մասնագետների կողմից ընդգծվել է, որ Արփա գետի հովտում տեղակայված «Արենի 1» քարայրի պեղումների արդյունքները կարեւոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձեւավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության եւ արժեւորման առումով:














































