«Գրանդ Քենդի» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի հետեւանքով պատճառված  վնասը, նախնական հաշվարկներով, մեծ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գրանդ Քենդիի» մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Բրուտյանը:

Նա նշեց, որ վնասները հաշվարկման փուլում են, առաջիկա օրերին ճշգրիտ թիվը կհայտնի: «Գրանդ Քենդիում» արտադրությունը արագ կվերականգնեն՝ առաջիկա մի քանի օրերին:

Վահրամ Բրուտյանը նշեց, որ այրվել էր գոֆրոարկղերի արտադրամասի պահեստը, որտեղ եղել է հումքը: Հրդեհի մարումը երկար ժամանակ պահանջեց, քանի որ թուղթ էր այրվում: «Նախնական վարկածի համաձայն՝ էլեկտրական հոսանքի կարճ միացման հետեւանք էր, չնայած իրավապահ մարմինները այդ հարցով զբաղվում են՝ ճշտելու պատճառը եւ մեղավորներին»,- ասաց Վահրամ Բրուտյանը:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան, աշխատակիցները բակում են եղել, նկատել են ծուխը, անմիջապես հայտնել են հրշեջ ծառայությանը: Տարիներ առաջ էլ նույն ընկերության ծխախոտի արտադրամասում էր հրդեհ բռնկվել, բայց այս հանգամանքը «Գրանդ Քենդիում» դիվերսիա չեն համարում, այլ արտադրական առօրյա:

Վահրամ Բրուտյանը հերքեց մեր ունեցած տեղեկությունները, թե պայթյունի ձայն է լսվել, ջարդվել են խմորեղենի արտադրամասի ապակիները , ծուխը փչացրել է արտադրանքը: «Չկա նման բան»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոտքի է հանվել մայրաքաղաքի ամբողջ հրշեջ տեխնիկան։ ԱԻՆ-ի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը լրագրողներին ասել էր, որ քաղաքապետի հանձնարարությամբ դեպքի վայր են ուղարկվել նաեւ քաղաքապետարանի տրամադրության տակ գտնվող եւ Բնապահպանության նախարարության բոլոր ջրատար մեքենաները, որոնք ջուր են ապահովել հրշեջ մեքենաներին։

«Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի ամբողջ ղեկավար կազմը շենքում է, փորձում են պարզել հրդեհի առաջացման պատճառները։

Գործարանի տարածքը մարման ամբողջ գործողության ընթացքում փակ է եղել լրագրողների համար։ Հրդեհն այնքան ուժգին էր, որ ծուխը երեւում էր հարակից թաղամասերից: NEWS.am-ի տեղեկություններով, հրդեհի հետեւանքով տուժել է ոչ միայն ստվարաթղթի արտադրամասը, այլեւ հարակից արտադրամասերը։ Մասնավորապես, ծուխը լցվել է խմորեղենի արտադրամաս ու փչացրել արտադրանքը։ Դեպքի պահին ներսում աշխատողները պայթյուն են լսել, ինչից փշրվել են խմորեղենի արտադրամասի ապակիները։ Պայթյունից առաջ հոսանքի տատանում է եղել։