Քալիֆորնիական Գլենդել քաղաքի 11 ամյա բնակիչ հայ տղային սրտի բարդ վիրահատություն են կատարել: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը: Բրայան Ֆրունզյանը ծնվել է սրտի երկու փականների ի ծնե արատով, եւ երբ նա ընդամենը երեք ամսական էր, նա սրտի մի քանի վիրահատությունների կարիք ուներ:

Նոր մեթոդի շնորհիվ, որը թույլ է տալիս խուսափել սրտի բաց վիրահատություններից,  Բրայանն այսօր արդեն կարող է իր հասակակիցների նման սպորտով զբաղվել: «Ուրախալի է, որ մենք կարողացել ենք առանց կրծքավանդակը բացելու Բրայանի սրտի երկու փականները փոխել»,- նշել է Լոս- Անջելեսի Մանկական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վարիչի տեղակալ բժիշկ Ֆրանկ Ինգը:

Նա պատմել է, որ սրտի երկու փականները ստացել են կովի արյունատար անոթներից եւ պատերի հետ միասին փոխպատվաստել են Բրայանին ոտքի զարկերակի միջոցով: Բժիշկների խոսքով ողջ վիրահատությունը տեւել է չորս ժամ: Վիրահատությունից հետո Բրայանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ նշելով, որ այժմ արդեն կարող իր հասակակիցների պես ուրախ կյանքով ապրել: