Երկրի սահմաններից դուրս ազատ տեղաշարժման հետ խնդիրների պայմաններում բնակչության շարժունակությունը կախված է մի շարք գործոններից: Մասնավորապես, խորհրդային ժամանակաշրջանում երկրից դուրս գալու հնարավորությունների սահմանափակումներից հետո իրավիճակն էապես բարելավվեց: Մի շարք երկրների հետ, իհարկե, մուտքի թույլտվության խնդիրներ կան, սակայն շատ դեպքերում դրանք մեր քաղաքացիների համար հաղթահարելի են:
Ընթացող տարվա առաջին կիսամյակում Հայաստանում բնակչության երկկողմանի տեղաշարժերը կազմել են 702 500: Նշված թվում ներառված են հետադարձով չվերթները, ինչպես նաեւ նույն անձանց կողմից մի քանի անգամ սահմանի հատումների դեպքերը, որը նույնպես վկայում է ազատ տեղաշարժի մասին:
Տեղաշարժերի սահմանափակումների հիմնական պատճառներից մեկը բնակչության ֆինանսական հնարավորությունների ու տեղաշարժի արժեքի հարաբերակցությունն է: Սա հարաբերական հասկացություն է, քանի որ շատերը տրանսպորտի արժեքի հարցերը լուծում են անշարժ գույքը վաճառելով: Սա առանձին թեմա է, իսկ այժմ դիտարկվում են այն դեպքերը, երբ պետք է մեկնել այլ երկիր ու վերադառնալ հայրենիք:
Մեկ այլ երկիր մեկնելու հնարավորություններից է ավիատրանսպորտը: Պաշտոնական տվյալներով հետադարձով ավիատոմսի արժեքը Երեւանում օգոստոսին կազմել է 203,8 հազար դրամ(մոտ 495 դոլար), ինչ երկու անգամ գերազանցում է նվազագույն միջին աշխատավարձը՝ առանց պարտադիր հարկերի վճարման: Ընդգծենք, որ միջին սակագնի մեջ ընդգրկված են մոտ տարածությունների համեմատաբար «էժան» չվերթները: Ահա ինչպիսի՞ն է իրավիճակը հեռավոր չվերթների դեպքում այստեղ եւ, օրինակ, Ռուսաստանում:
Օրինակ, դիտարկենք ամենահարմար տարբերակը՝ Բեռլինի ավիատոմսերի արժեքը: Հոկտեմբերի առաջին կեսին մեր երկրում հետադարձ տոմսերի արժեքը դեպի Բեռլին կազմել է 875 դոլար, իսկ, օրինակ, Նովոսիբիրսկ քաղաքից դեպի Բեռլին հետադարձ չվերթով տոմսը արժե 590 դոլար: Գների միջեւ նկատելի տարբերությունն ակնհայտ է:
Բացի այդ, հարկ է նշել, որ Երեւան- Բեռլին ուղիղ հեռավորությունը 3.4 հազար կմ է, իսկ Նովոսիբիրսկ- Բեռլին հեռավորությունը՝ մոտ 5.2 հազար կմ: Հաշվի առնելով այդ տարբերությունը՝ ուղեւորության 1 կմ գինը(հետադարձ չվերթի հաշվարկով) մեզ մոտ կազմում է ավելի քան 26 ցենտ, իսկ Նովոսիբիսրկից՝ 12 ցենտ: Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը այժմ չի դասվում ցածր է սպառողական գների երկրների շարքում...
Սմբատ Գրիգորյան




























