Փաստաբանների պալատի նախագահ, նախկին քննիչ Ռուբեն Սահակյանը ողջունում է Հայաստանի նախագահի որոշումը՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Սահակյանը:
«Ես ողջունում եմ գաղափարը, երազել եմ ունենալ նման կոմիտե»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ քննչական կոմիտե ստեղծելու անհրաժեշտության մասին լսել է 1970-74թթ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցում սովորելու տարիներին, «այն ժամանակվանից այս գաղափարը օդում կար, գուցե դրանից առաջ էլ կար,ուղղակի ինքը առնչություն չուներ համակարգի հետ»:
Փաստաբանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը ընդունելուց հետո ստեղծվեցին եւ մինչ այսօր գործում են 5-6 քննչական մարմիններ՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, մաքսային, հարկային մարմինների, զինվորական համակարգում եւ Հատուկ քննչական ծառայությունը. «Այսինքն՝ 6 մարմին, վեց գերատեսչություն զբաղվում էր նախաքննությամբ, յուրաքանչյուր գերատեսչություն իր խաղի կանոններն էր թելադրում, հարկայինում հարկային մարմինների ղեկավարներն էին թելադրում, ոստիկանությունում՝ ոստիկանության ղեկավարությունը եւ այդպես շարունակ: Բնական է, այդպես էլ պետք է լիներ, եթե դու իմ քննիչն ես, ապա պետք է խաղի կանոններին միջամտեմ նաեւ ես: Դրա հետ մեկտեղ կա դատախազական վերահսկողություն, այսինքն՝ քննիչը հայտնվում էր երկու քարի արանքում, դրա համար ես ողջունում եմ այսպիսի որոշումը, եւ գտնում եմ, որ սա դեռ պետք է 20-22 տարի առաջ ստեղծել: Իհարկե, դժվար է անկախությունը ձեռք բերելուց հետո ստեղծել այսպիսի մարմին, իմ կարծիքով՝ դա շատ է ուշացել, անհրաժեշտություն էր սա»,- ասաց Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն վաղուց նման մարմին ունեն: Նման մարմին ունենալու առավելությունը, ըստ փաստաբանի, այն է, որ բոլոր քննչական աշխատանքները. օպերատիվ-հետախուզական աշխատանքների առումով համագործակցությունը կհամակարգվի, մեկ կենտրոնից կլինի ղեկավարումը:
Փաստաբանի խոսքով՝ այդ մարմինը ստեղծելը երկար ժամանակ է պահանջում, տարիների աշխատանք է պետք, իհարկե, ինքը շատ կցանկանար, որ այն մեկ տարում ձեւավորվեր, բայց չի հավատում դրան:
Նա տեղեկացրեց, որ Փաստաբանների պալատով կդիմեն նախագահին, որպեսզի իրենք եւս մասնակցեն մարմնի ստեղծման կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, գործընթացին ներգրավեն փաստաբաններ: Հանձնաժողովի հրապարակված կազմը Ռուբեն Սահակյանին չի անհանգստացնում, «երբեմն անունները գրում են, բայց աշխատանքը տանում են այլ մարդիկ»: Կոմիտեի կազմավորման հանձնաժողովի կազմում Ռուբեն Սահակյանը նշեց, որ տեսնում է մի մարդու անուն,, ով չլինելով քննչական ծառայության ղեկավար, բայց զբաղեցնելով ղեկավար պաշտոն մի գերատեսչությունում, թելադրում էր իր կամքը քննչական ծառայությանը, դա էր պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ հանիրավի դատվում էին, որովհետեւ կատարվում էր ոչ իրավաբան մեկի կամքը:
Փաստաբանների պալատի նախագահը շեշտեց, որ դեռ կոմիտեն չկա, հետեւաբար՝ կազմը եւս չկա, իսկ հրապարակված ցանկը ընդամենը միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի ցանկն է: «Ես համոզված չեմ, որ Աղվան Հովսեփյանին կնշանակեն միասնական քննչական մարմնի ղեկավար: Ես չէի ցանկանա, որ նրան նշանակեին այդ կոմիտեի ղեկավար, ինձ համար վստահություն չի ներշնչում, բայց աշխատանքների կազմակերպման հարցում վստահություն ներշնչում է, որովհետեւ միայնակ չէ ինքը: Հանձնաժողովում մեկը մյուսին հսկելու է, հակակշռելու է, ստեղծվելու է մի կոմիտե, որից հետո այս մարդիկ որեւէ առնչություն չեն ունենա: Եթե նրանցից մեկնումեկը լինեն այդ կառույցի ղեկավար, բայց որ մյուսները չեն լինի ծառայության ղեկավար, դա միանշանակ է: Սա մի աշխատանքային խումբ է, որտեղ կամ իմ կողմից հարգարժան մարդիկ, որոնք չեն թողնի, որ Աղվան Հովսեփյանը սխալ քայլ կատարի, կարծում եմ՝ իր համար էլ այդքան կարեւոր չի լինի: Ինքը արդեն 61 տարեկան է, մինչեւ սա ստեղծվի, կլինի 65 տարեկան, այդտեղ պետք է փոքր-ինչ երիտասարդ մարդ լինի, ասենք մինչեւ 50 տարեկան»,- ասաց Ռուբեն Սահակյանը:
Նա կարծիք հայտնեց, որ այդ պաշտոնին պետք է նշանակել հանրապետության լավագույն քննիչին, իսկ թե ով է նա, ապա անուն չնշեց՝ պատճառաբանելով, որ դրանք շատ-շատ են, առնվազն 10 հոգի:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Աղվան Հովսեփյանը նշանակվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ):





























