Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։

 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ «ՀԺ»–ի հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց սույն տեղեկությունը։ Ըստ մեր աղբյուրների սակայն, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականները եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիում, մոտավորապես կլինեն ընդհանուր առմամբ 2500-3000 հոգի։

 Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուս զինվորականներ, արդեն իսկ սկսել են «տեղ բացել» ռուս զինվորականների համար եւ մի քաանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղափոխվեն։

Վերջիններիս, ըստ որոշ տեղեկությունների, կտրվեն համապատասխան վկայականներ, որոնց միջոցով կկարողանսաան բնակություն հաստատել այլ վայրում։ Ռուսաստանն այսպիսով՝ մի կողմից զենք է վաճառում Ադրբեջանին, մյուս կողմից մեծացնում է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում, նաեւ այդ զենքից պաշտպանելու համար»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):