«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին եւ բացատրություն տվել՝ կապված ՌԴ սահմանապահների Մեղրիում իրենց քարոզարշավը խոչընդոտելու հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: «Տեսնենք ինչ քննություն են իրականացնելու»,- ասաց նա:
ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Միրզոեւը Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել, բայց դա նրան չի բավարարում: Պատգամավորը երեք պահանջ ունի՝ պաշտոնապես ներողություն խնդրեն, փոխհատուցում տրամադրեն պատճառված վնասի համար, խոսքը տեսախցիկի եւ քարոզարշավը խոչընդոտելու մասին է, իսկ երրորդը պահանջն այն է, որ կանչեն պատասխանատվության այն զինծառայողին, ով այդ պահին ծառայություն է իրականացրել:
«Ժառանգության» պատգամավորը առայժմ ձեռնպահ մնաց կատարվածին գնահատական տալուց՝ արդյոք սա ծրագրված էր իրենց դեմ, թե ուղղակի թյուրիմացություն է եղել. «Հստակ ժամանակը ցույց կտա: Երբ երեկ գիշերը մենք արդեն գալիս էինք, Քաջարանում ոստիկանների հսկա կուտակումներ էին, սպասում էին Սերժ Սարգսյանի գալուն, չգիտեմ այս շղթան կապ ունի, թե ոչ: Միգուցե Սերժ Սարգսյանի համա՞ր էին անցակետը դրել Մեղրիի ճանապարհին: Ես ամիսը 2-3 անգամ գնում եմ Սյունիքի մարզ, հասնում եմ Մեղրի, Ագարակ, նման միջադեպ, որ միջպետական ճանապարհին լինի անցակետ եւ ստուգեն մարդկանց ինքնությունը, փաստաթղթերը, խուզարկեն մեքենաները, նման գործողությունների չեմ հանդիպել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը շեշտեց, որ երբ իրենք գնացել են Մեղրի, Ագարակ, իրենց ստուգել են, ինքնությունները պարզել են, հարցրել են այցելության նպատակները: «Վկայականը վերցնելով՝ կապիտաններից մեկը զանգահարեց իր վերադասին՝ հայտնեց, որ հիմա Մեղրի, Ագարակ է գնում Զարուհի Փոստանջյանը, երկու մեքենայով է, քարոզարշավի նպատակով եւ այլն: Դրանից հետո անջատեց հեռախոսը եւ ասաց, որ ստուգեք մեքենաները եւ բաց թողեք: Իրենք նախապես գիտեին, որ մենք գնացել ենք, բայց վերադարձին իրենք նորից մեզ ստուգեցին, չգիտեմ, թե ինչու: Քննությունը ցույց կտա, թե որն էր մեզ խոչընդոտելու պատճառները»,- ասաց պատգամավորը:
Ի դեպ, նա այս պահին արդեն վերադառնում է Երեւան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրան ուղեկցողների մեքենան կանգնեցրել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները եւ խոչընդոտել Սյունիքում թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը:





























