Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սիսիանում «Ավալ Թրեյդ» ԲԲԸ հայ-ռուսական տեքստիլային արտադրությունը: 2013-ին հիմնադրված ընկերությունը տրիկոտաժից ապրանքներ է արտադրում: Տրիկոտաժը ներմուծվում է Թուրքիայից, իսկ ամբողջ պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, պետության ղեկավարը շրջել է արտադրական տարածքներում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել զարգացման ծրագրին: Արտադրության զարգացման հարցում, այդ թվում՝ հաստոցներ գնելու, ընկերությունը ներդրել է 30 մլն դրամ: Ապրիլից օգոստոս արտադրության ծավալը կազմել է 70.7 մլն դրամ: Օրական ձեռնարկությունը կարող է տալ 3.5-4 հազար արտադրանք:
Ձեռնարկությունում աշխատում է 90 մարդ՝ պայմանագրային աշխատավարձով, որը միջինում կազմում է 70-80 հազար դրամ: Աշխատակցուհիների մեծ մասը աշխատել է խորհրդային ժամանակներում այստեղ գործող տեքստիլային արտադրամասում:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության բաժնետեր Արմեն Գալստյանը, տեղական շուկայում ընկերությունն առայժմ չի աշխատել, ուստի դեռ չի որոշել, արդյոք իր տեքստիլը կարող է թուրքականից կամ չինականից էժան լինել: «Տվյալ պահին մենք ամբողջ արտադրանքը Ռուսաստան ենք արտահանում: Հագուստի վրա Made in Armenia պիտակ չկա: Մեր ռուս գործընկերների հետ պայմանավորվածությունների համաձայն, հագուստը բրենդավորվում է արդեն Ռուսաստանում՝ կախված պատվերից»,-ասել է նա:
Ի պատասխան այն հարցին, արդյոք ընկերությունը գնահատել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեպքում հնարավոր դրական եւ բացասական կողմերը, Գալստյանն ընդգծել է, որ ղեկավարությունն առայժմ չի ծանոթացել ՄՄ ներսում ապրանքների շրջանառության խնդրին: «Սակայն կարծում եմ, որ չենք կարող շահող դուրս չգալ: Որքան մեր արտադրանքը ավելի հեշտ հասնի Ռուսաստան, այնքան մեզ համար լավ»,-հավելել է նա:
Ընկերության բաժնետերերն են ռուսաստանցի Ալեքսանդր Շլեպկոն՝ 50% եւ Հայաստանի բնակիչներ Արմեն Գալստյանն ու Սիմակ Գյանջումյանը՝ 25-ական տոկոս:





























