Շինարարության ոլորտում կան մտահոգիչ զարգացումներ՝ 8,5 % անկում 8 ամսվա կտրվածքով: Այդ մասին ասյօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ Տ. Սարգսյանի՝ պատճառն առաջին հերթին էլիտար բնակարանների նկատմամբ պահանջարկի նվազումն է; Պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, սակայն առաջարկը մեծ չէ: Շինարարության ոլորտը ակտիվացնելու համար կառավարությունը մտադիր է խթանել էկոնոմ դասի բնակարանների կառուցումը:
Առաջին քայլով՝ առաջարկվում են օրենսդրական փոփոխություններ, ըստ որի՝ եթե օտարերկրացիները ձեռք են բերում բնակարան, արագորեն ստանան կացության վկայական, հետեւաբար՝ հանրապետություն մուտք գործելու դժվարություն չեն ուենանա:
Այնուհետ՝ կառավարությունը կխթանի պետծառայողների կողմից հիփոթեքային վարկերով բնակարանների ձեռքբերումը: Այդ նպատակով՝ 2014 թ. պետծառայողները բանկի 30% կանխավճարի համար պետությունից երաշխիք կստանան մինչեւ 25 մլն դրամի սահմաններում; Այդ աշխատանքներն առաջ տանելու համար կստեղծվի աշխատանքային խումբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ:
Տ. Սարգսյանը դիմեց Երեւանի քաղաքապետարանին՝ Երեւանում կառուցապատողներին հարմար տարածքներ տրամադրելու հարցով, որպեսզի կառուցվելիք բնակարանների ինքնարժեքը ցածր լինի: Ըստ Տ. Սարգսյանի՝ ներկայում այդ ինքնարժեքը 800 դոլար է, սակայն շինարարական տեխնոլոգիաները որակապես պետք է փոխվեն:




























