ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը (AmCham) սեպտեմբերի 27-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կանցկացնեն համաժողով՝ «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով: Համաժողովի նպատակն է քննարկել միջազգային ստանդարտների ու լավագույն փորձի կիրառումը Հայաստանում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) համաձայնագրերի հիման վրա: Համաժողովի մասնակիցները կծանոթանան օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին, որը մշակվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից, ինչպես նաեւ նմանատիպ երկրներում հաջողված մաքսային բարեփոխումների միջազգային փորձին: Համաժողովի ընթացքում կներկայացվի Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտը՝ որպես բիզնեսի շահերից բխող մաքսային ռիսկերի կառավարման գործիք:
Միջոցառմանը ներկա կլինեն, մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ
Էդվարդ Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյան, Ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերից, բանկերից եւ խորհրդատվական ընկերություններից, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններից:




























