Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը: Նախագահը մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Արարողությանը ներկա են եղել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Զանգեզուրի Պղնձմոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, այլ պաշտոնյաներ: Նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալներ է հանձնել քաղաքի մի շարք բնակիչների, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Այս տարիների ընթացքում ձեր քաղաքում հսկա է խոյացել՝ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը: Սակայն հսկաներն հենց այնպես չեն առաջանում: Նրանք առաջանում են այն աշխատանքի շնորհիվ, որը դուք ներդնում եք ձեր մարզի բնական հարստությունը յուրացնելու համար: Համոզված եմ, որ եւս 30 տարի կանցնի եւ ձեր քաղաքն անճանաչելի կդառնա: Ճիշտ այդպես քաղաքը փոխվել է վերջին 30 տարիների ընթացքում: Եթե խորհրդային տարիներին կոմբինատն առավելագույնս արդյունահանում էր 8-8.5տ հանքանյութ, ապա այսօր խոսքը 20 տոննայի մասին»,-ընդգծել է նախագահը:
Նախագահը մասնակցել է նաեւ Ֆրունզե Պետրոսյանին նվիրված հուշարձանի բացմանը, ով կոմբինատը գլխավորել է 1967 – 74 եւ 1984 – 94թթ:
Ընդգծենք, որ քաղաքում բնակվում է 8.1 հազար մարդ, կոմբինատում աշխատում է մոտ 3500-ը:




























